«Սև հինգշաբթի»: Այսպես է անվանել երեկվա օրն ՈՒկրաինայի ընդդիմությունը: Երեկ Գերագույն ռադան կողմ է քվեարկել հինգ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին: Դրանք ընդունվել են առանց քննարկման և ընդդիմադիր պատգամավորների մասնակցության: Քվեարկությունները տեղի են ունեցել առանց էլեկտրոնային համակարգի` ձեռքերով: Ընդունված օրենքների մեջ խոսքի ազատությունը սահմանափակող մի շարք օրինագծեր կան, որոնցից է Գերագույն ռադայի կանոնակարգում արված փոփոխությունը, այն է` պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պարզեցում, թիվ 3879 օրինագծով խստացվում է բողոքի ակցիաների անցկացումը և մտցվում ժողովրդավարական այլ ազատությունների սահմանափակումներ, իսկ երկրի Քրեական օրենսգրքում ավելացվել է 151 հոդվածը`«Զրպարտություն». «ակնհայտ անարժանահավատ տեղեկությունների կանխամտածված տարածում, որը վարկաբեկում է այլ անձի պատիվն ու արժանապատվությունը»: ՈՒկրաինայի ընդդիմությունն այս ամենն անվանել է «պետական հեղաշրջում»:
Մի շարք երկրներ և միջազգային կազմակերպություններ դատապարտել են ՈՒկրաինայի խորհրդարանի ընդունած օրենքները: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ՈՒկրաինայի իշխանություններին կոչ է արել դադարեցնել խոսքի ազատության սահմանափակման փորձերը: Նա հույս է հայտնել, որ Յանուկովիչը վետո կդնի այդ փոփոխությունների վրա, որոնք, նրա խոսքով, կհանգեցնեն խոսքի ազատության սահմանափակմանը: «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է ընդունված օրենքները: Կազմակերպության ղեկավար Դեվիդ Քրամերն ասել է, թե իր համար տխուր է հետևել, թե ինչպես է ժողովրդավարությամբ ընտրված ՈՒկրաինայի իշխանությունը հեռանում ՈՒկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներից:
ՈՒկրաինայում երեկվա տեղի ունեցածին արձագանքել է և ԱՄՆ-ը: Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, թե ԱՄՆ-ը խորապես մտահոգված է օրինագծային փոփոխություններով, որոնք սահմանափակում են խաղաղ բողոքի իրավունքը և խոսքի ազատության իրացումը: Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի արտգործանախարարները նույնպես բացասական են գնահատել ընդունված օրենքների փաստը, նրանց գնահատամամբ դրանք ուղղված են ՈՒկրաինայի անկախության դեմ: «Transparency Internatioanal» կազմակերպությունը նույնպես խիստ քննադատության է ենթարկել ընդունված օրենքները և պահանջել պատժել բոլոր նրանց, ովքեր մասնակից են այդ օրենքների մշակմանն ու ընդունմանը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ